Ընտանիք, ազգ, մշակույթ

Ազգ

Ազգություն, մարդկանց էթնիկական ընդհանրության պատմական զարգացման ձև։ Հաջորդում է ցեղային ընդհանրությանը, և բնութագրվում հավաքական անվանումով (օրինակ՝ հայեր)։ Ազգությունը ունի նույն հատկանիշները, ինչ ազգը, սակայն գտնվում է սոցիալ– տնտեսական զարգացման ավելի ստորին աստիճանում։ Ազգությունը սկիզբ է առնում արդեն իսկ ցեղերի միությունից, սակայն տոհմացեղային կապերի ուղղակի շարունակությունը չէ, այլ մի նոր հանրություն, որի մեջ ձուլվում են ոչ միայն ազգակից, այլև օտար ցեղերի հատվածներ։ Հին աշխարհի ազգությունները ծագել են նախնադարյան համայնական կարգերի քայքայման ու ստրկատիրական հարաբերությունների կազմավորման շրջանում (հին հույներ, հին եգիպտացիներ, հնդիկներ, չինացիներ, հայեր են)։

Ընտանիք

Ընտանիք, ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

Նախնադարյան հոտի շրջանում, երբ ազգակցությունը չուներ հասարակական֊տնտեսական նշանակություն, ընտանիք գոյություն չուներ։ Մայրիշխանության պայմաններում (ստորին պալեոլիթի վերջ) առաջանում է հնագույն (խմբակային) ընտանիք, ուր մի տոհմի բոլոր կանայք մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց հնարավոր կանայք էին. տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում (արտատեղային բնակություն), երեխաները ճանաչում էին միայն մորը, համարվում նրա տոհմի անդամը և մտնում մոր գծով ազգականների խմբի մեջ։

Մշակույթ

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։

Оставьте комментарий