Տավուշի մարզ

Ընդհանուր նկարագրություն

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շարի վրա, որը բաղկացած է Վիրահայոց, Գուգարաց, Միափորի, Արեգունու և Փամբակի լեռնաշղթաներից: Դրանցից կենտրոնական դիրք են գրավում Գուգարաց լեռները, որոնք բնական ջրաբուժան են Անդրկովկասի խոշոր Կուր գետի Դեբեդ և Աղստև վտակների միջև:

Մարզի տարածքը մ.թ.ա. եղել է Ուրատու պետության /Արարատյան թագավորություն/, ապա Մեծ Հայքի հյուսիսային բդեշխության կազմի մեջ: Իսկ ներկայիս Դիլիջանն իր շրջակայքով հանդիսացել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մի մասը, որը նպաստավոր բնակլիմայական պայմանների շնորհիվ հայոց թագավորական ընտանիքին ծառայել է որպես հանգստավայր և որսարան: IX դարում, հայկական պետության վերականգնման պահից, եղել է Բագրատունյաց թագավորների տիրույթներում, իսկ 1918-ի մայիսից`   հայկական առաջին հանրապետության ստեղծումից ի վեր, նրա կազմում և վարչատարածքային նոր միավոր մարզ է դարձել 1995-ի դեկտեմբերին:

Տավուշի մարզը զբաղեցնում է 2704 կմ2 տարածք, որի կեսը պատված է խառն անտառներով: Հարավում և հարավ-արևելքում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին և Կոտայքի մարզին, արևմուտքում`   Լոռու մարզին, իսկ հյուսիսում`   Վրաստանի Հանրապետությանը, արևելքում և հյուսիս-արևելքում Ադրբեջանի Հանրապետությանը, որի հետ շփման գիծը 300 կմ է:

Մարզի բնակչությունը

Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ գերեվարվել են: Ամբողջ շրջաններ ամայացել են:

Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակվել են մարզի ստորին գոտու գյուղերում:

Տավուշի մարզի քաղաքները

Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին հայտնվել են առաջին մասնագիտական հիվան­դանոցներն ու սանատորիաները: Ավելի ուշ կառուցվել են նաև արդյունաբերական ձեռնարկություն­ներ, կրթական ու մշակութային հաստատություններ: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:

Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը։Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է: Հայտնի են խոշոր գորգագործական ֆաբրիկան ու փայտամշակման կոմբինատը, կան մեքենաշինական, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը:

Վայոց ձորի մարզ

Ընդհանուր նկարագիր 

ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:

ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ`   մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ):

ՀՀ Վայոց ձորի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է`   ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է + 41օ C-ի, իսկ բացարձակ նվազագույնը`   -35օ C-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, որի արտադրանքը կազմել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 63%-ը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև թռչնաբուծությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի`   «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև խաղողի գինու արտադրությունները: Մարզում ակնհայտ են ներքին և արտաքին զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները:

Մարզի բնակչությունը

Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:

Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը:

Քաղաքները

Մարզի երեք քաղաքներն էլ`   Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը`   Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:

Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի տարբեր երկրներ:

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:

Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:

Բնական պայմանները և հարստությունները

Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը`   3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:

Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:

Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:

Բնակչությունը

Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակութ­յունների հետևանքով: Նոր և նորագույն ժամանակներում աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:

Քաղաքները

Սյունիքի մարզը ուրբանիզացման մակարդակով գրավում է առաջին տեղը`   71%: Դրան համապատասխան էլ համեմա­տաբար շատ են քաղաքները`   Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են: Նրանք քաղաքի կարգավիճակ ստացել են 1930-ական թվականներից հետո: Միայն Գորիսն է, որ քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):

Սյունիքի մարզկենտրոնը`   Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:

Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ): Կապանի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է պղնձի արդյունաբերությամբ և մեքենաշինությամբ:

Դեռևս միջին դարերից քաղաքին հարող տարածքում գործել են պղնձահանքեր ու պղնձաձուլարան­ներ: Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա: Այժմ էլ քաղաքի արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձարդյունաբերությունն է: Ավելի ուշ ձևավորվել են արդյունաբերության այլ ճյուղեր ևս: Գործում են մեքենաշինական, ավտոնորոգման, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:

Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:

Սյունիքի մարզում`   Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:

Շիրակի մարզ

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Մարզի բնական պայմանները և հարստությունները

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:

Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:

Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:

Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Մարզի բնակչությունը

Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:

Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:

Քաղաքները

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ`   քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:

Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն`   այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին`   ավելի շատ:

Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:

Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:

Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը`   տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:

Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:

Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:

Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:

Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար`   Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:

Աշխարհագրություն

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում`   Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

Տնտեսություն

Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են`   հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։ 2009 թ. մարզում անասնագլխաքանակը հետևյալ կառուցվածքն է ունեցել`   խոշոր եղջերավոր կենդանիներ`   93.6 հզ, մանր եղջերավոր կենդանիներ`   71.6 հզ, խոզեր`   10.3 հզ, թռչուններ`   250.0 հզ, ձիեր`   0.5 հզ: 2009 թ մարզում արտադրվել է 89 739 տ կարտոֆիլ, 74 648 տ հացահատիկ։

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնական դիրք գրավող մարզերից մեկն է: ՀՀ-ում այն միակ մարզն է, որն արտաքին սահման չունի հարևան երկրներից որևէ մեկի հետ: Կոտայքի մարզը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ, զբաղեցնելով հիմնականում նրա Կոտայք և Նիգ գավառները:

Բնական պայմանները և հարստությունները

Կոտայքի մարզը աչքի է ընկնում բնական պայմանների ու հարստությունների մեծ բազմազանությամբ: Այստեղ համեմատաբար սահմանափակ տարածության վրա հանդիպում են և´ բարձրաբերձ լեռնագագաթներ ու խոր կիրճեր, և´ լայնարձակ գետահովիտներ ու մեղմաթեք սարավանդներ: Գեղամա լեռները կազմող հրաբխային ապարների մեջ ներծծվող ջրերը աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև`   Հրազդան և Ազատ գետերի կիրճերում: Հռչակված են Քառասունակնի, Արզնիի և Գառնիի աղբյուրները, որոնց սառնորակ ջրերը հատուկ խողովակներով հասցվում են նաև քաղաքամայր Երևանի բնակչությանը: Հրազդան և Ազատ գետերի կիրճերի առանձին հատվածներ բնական հիանալի հուշարձաններ են: Տպավորիչ են լավաների մեջ գոյացած բազալտե սյունաձև առանձնացումները`   անձեռակերտ բազմանիստ պրիզմաները:

Բնակչությունը

Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ, բայց ներկայիս վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակության մեխանիկական աճը: Բազմաթիվ հայ ընտանիքներ վերաբնակվել են այստեղ դեռևս 1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը: Եկել են ինչպես Վրաստանից ու Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի շրջաններից: Մարզի բոլոր քաղաքային բնակավայրերի ծագումն ու զարգացումը պայմանավորված է ջրաէլեկտրակայնների Սևան-Հրազդան կասկադի և դրա հիման վրա`   նոր գործարանների ու ֆաբրիկաների շինարարությամբ:

Քաղաքները

Կոտայքի մարզի քաղաքների շարքում ամենախոշորը Հրազդանն է, մարզային կենտրոնը: Այն կառուցվել է Ներքին Ախտայի և նրա հարևան մի քանի գյուղերի տեղում: Քաղաքի բուռն զարգացմանը մեծ չափով նպաստել է մարզի և ամբողջ հանրապետության տարածքի նկատմամբ նրա ունեցած կենտրոնական դիրքը և տրանսպորտային լավ ապահովվածությունը: Քաղաքը գտնվում է երկրի ճանապարհային ցանցում առանցքային դիրք գրավող Երևան-Սևան ավտոխճուղու վրա և միաժամանակ երկաթուղային հանգույց է: Հրազդանը աչքի ընկնող քաղաք է դարձել առաջին հերթին էներգետիկայի, շինանյութերի արդյունաբերության և մեքենաշինության այնպիսի հսկաների շնորհիվ, ինչպիսիք են`   Հրազդանի ջերմաէլեկտրակայնը (հզորագույնն է երկրում), ցեմենտի գործարանը, «Հրազդանմեքենա» գործարանը:

Մարզի երկրորդ քաղաքը Աբովյանն է: Այն ստեղծվել է որպես Երևանի արբանյակ քաղաք և Հայաստանի արդյունաբերական բուռն զարգացման տարիներին դեպի իրեն է ձգել նոր կառուցվող գործարաններ և դրանով իսկ դանդաղեցրել Երևանի անհարկի աճը: Այդ հիմնավորումով այստեղ ստեղծվել են աշխատատար ճշգրիտ մեքենաշինության, հատկապես էլեկտրոնային սարքաշինության հզոր ձեռնարկություններ:Կոտայքի մարզի և ամբողջ հանրապետության տնտեսական կյանքում իրենց ուրույն տեղն ունեն մյուս քաղաքները ևս: Օրինակ, Չարենցավանը հայտնի է որպես մեքենաշինության, Նոր Հաճնը`   սարքաշինության ու ադամանդների մշակման, Ծաղկաձորը`   առողջարանային կենտրոն:

Կոտայքի մարզում են գտնվում Արզնի և Հանքավան առողջարանները (հանքային աղբյուրների մոտ), Մարմարիկի առողջարանային գոտին`   բազմաթիվ հանգստի ու առողջարանական ճամբարներով: Այստեղ է Ծաղկաձորի մարզական օլիմպիական համալիրը, որտեղ թե´ ձմռանը և թե´ ամռանը հանգստանում և կամ իրենց սպորտային վարպետությունն են բարձրացնում մեծաթիվ այցելուներ Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից:

Լոռու մարզ

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :

Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն`   Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Բնական ռեսուրսները և հարստությունները

Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը:

Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին և որտեղ 1828թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակին, որը փոխադրում էին Թիֆլիս: Գրիբոյեդովը զոհվել էր Պարսկաստանում, այնտեղ նա (Ռուսաստանի լիազոր-նախարարն էր) կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի`   Ռուսաստանին միացած շրջաններ:

Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է`   Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով:

Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:

Մարզի բնակչությունը

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:

Քաղաքները

Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:

Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:

Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը`   «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:

1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:

Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

Գեղարքունիքի մարզ

Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:

Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր։ Նրա բնակչությունը գյուղատնտեսությունից բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական՝ մարզային նշանակության կենտրոններ։

Մարզի բնական պայմանները և հարստությունները

Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը`   տաք: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը:

Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ:

Մարզի բնակչությունը

Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների`   հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև`   ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը:

Քաղաքները

Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը`   պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է`   սկզբում Նոր Բայազետ, ապա`   Կամո:

Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական`   մարզային նշանակության կենտրոններ:

Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին`   Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը`   Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա:

Արմավիրի մարզ

Հայաստանի Հանրապետությունում տարածքի մեծությամբ ամենափոքր մարզը Արմավիրի մարզն է : Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը, որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Արմավիրի մարզի բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը`   Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի`   Արտաշատի հիմնադրումը:

Դրանից քիչ արևմուտք`   Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի`   Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի`   Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Մարզի բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Արմավիրի մարզի քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում`   Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական`   մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է`   հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը:

Արարատի մարզ

Արարատի մարզը գտնվում է Հայսատանի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի մարզին և Վայոց Ձորի մարզին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիաին։

Բնական պայմանները

Արարատի մարզի հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը: Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է: Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով: Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածն է: Արևելքում Մժկատար լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան. սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երախի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։

Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները`   Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն: Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Արարատի մարզում տարածված են ՀՀ-ում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ: Բայց սրանցից հիմնականներն են կիսաանապատային (Արարատյան հարթավայրում), չոր տափաստանային (միջին բարձրության լեռներում), ալպյան (Գեղամա լեռնաշղթայի լանջերին)։

Պայմանավորված Հայկական լեռնաշխարհի լեռնային մակերևույթով`   այս ամբողջ տարածաշրջանում`   այդ թվում Արարատի մարզում, կլիման ենթակա է վերընթաց գոտիականության: Մասնավորապես այս մարզում առկա են ՀՀ-ում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը, որոնք հարթավայրային շրջաններից մինչև լեռնային շրջաններ իրար հաջորդում են հետևյալ հաջորդականությամբ.

  • չոր խիստ ցամաքային
  • չոր ցամաքային
  • չափավոր ցամաքային
  • բարեխառն
  • ցուրտ լեռնային
  • ձյունամերձ

Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձրալեռնային շրջանների միջև տատանվում է +10°C-ի և -2°C-ի միջև: Հունվարյան միջին ջերմաստիճանն է այդ շրջաններում համապատասխանաբար -6°C և -12°C, հուլիսյան ջերմաստիճանը`   +26°C և +8°C, միջին տարեկան տեղումները`   200մմ և 1000մմ: Ցածրադիր շրջաններում դիտված բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճաններն են -33°C և +42°C, ընդ որում վերջինս Հայկական լեռնաշխարհում դիտարկված բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է և այն գրանցվել է Արարատյան հարթավայրի հարավ-արևելքում: Ընդհանուր առմամբ Արարատի մարզը աչքի է ընկնում կլիմայի չորությամբ:

Պատմամշակութային հուշարձաններ

Արարատի մարզի պատմամշակութային հուշարձաններից են Լուսառատ գյուղից 1.6կմ հյուսիս-արևմուտք գտնվող բլուրների վրա տեղադրված Խոր Վիրապ վանական համալիրը և Արտաշատ հնավայրը, Դվին հնավայրը`   Հնաբերդ և Վերին Արտաշատ գյուղերի միջև ընկած բլրի վրա, Տափի բերդ-ամրոցը եկեղեցիով ( որը կոչվում է Գևորգ Մարզպետունու անունով)`   Ուրցաձոր գյուղից 6-6.8 կմ հյուսիս-արևելք, Հավուց Թառ վանական համալիրը`   Գառնի գյուղից 2.8-3.4 կմ արևելք, XII դարի Սուրբ Կարապետ վանքը`   Լանջառ գյուղից 5.7-6.3 կմ արևմուտք-հյուսիս-արևմուտք, Կաքավաբերդը (Գեղիի կամ Քեղիի բերդ)`   Գառնի գյուղից 12.3-13 կմ արևելք-հարավ-արևելք, Աղջոց վանքը`   Գառնի գյուղից 6.1-6.5 կմ արևելք-հարավ-արևելք:

Արարատի մարզի բնակչությունը

Հայկական պետության վերելքների ու անկումների հետ մեկտեղ փոխվել են բնակչության թիվը և կազմը: Հայ բնակչությունը կրկին մեծամասնություն է կազմել 1830-ական թվականներից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից վերաբնակեցվեցին Արարատի մարզի ներկա տարածքում: Այժմ բնակչությունը միատարր է, բայց կան նաև ռուսներ, քրդեր ու ասորիներ, որոնք փոքր թիվ են կազմում:

Տարածքի հարթավայրային`   փոքր մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը: Մարզի լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:

Արարատի մարզի քաղաքները

Մարզի ամենախոշոր քաղաքը մարզկենտրոն Արտաշատն է: Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10կմ հյուսիս-արևմուտք, որից և ստացել է իր անվանումը:

Արտաշատը Հայաստանի Հանրապետության միջին մեծության քաղաքներից է, որն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Նա այդպիսին է դարձել վերջին 3-4 տասնամյակների ընթացքում, երբ մեկը մյուսի հետևից կառուցվեցին գինու, մրգի պահածոների, կաթի, հախճապակու, խեցեգործական իրերի, կահույքի ու մանվածքային գործարանները, ընդարձակվեց կրթական, մշակութային ու առողջապահական հիմնարկների ցանցը:

Արարատի մյուս քաղաքներն են`   Արարատը, Մասիսը և Վեդին: Արարատը առավել հայտնի է որպես ծանր արդյունաբերության կենտրոն. այստեղ են գտնվում ցեմենտի գործարանը և ոսկու կորզման ֆաբրիկան: Մասիսին և Վեդուն բնորոշ են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Մասիսը նաև խոշոր երկաթուղային ապրանքային կայարան է, որն ունի միջմարզային նշանակություն և սպասարկում է Երևան քաղաքին:

Արագածոտնի մարզ

Մարզի ընդհանուր նկարագիրը

Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի`Արագածի միջև: Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը, մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:

Բնական պայմանները և հարստությունները

Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները: Շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է`   Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին:

Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման բազմազան է: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս (մայիս — սեպտեմբեր), ապա Արագածի մերձգագաթային հատվածում տարվա մեծ մասը ձմեռ է. այնտեղ նույնիսկ ամռան ամիսներին կարելի է հանդիպել ձնաբծերի:

Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Բարձրալեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ:

Բնակչությունը

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում:

Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը`   հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:

Արագածոտնի մարզի քաղաքները

Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն է`   Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասաղ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա:

Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա, Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոխճուղիների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ խճուղիները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով: Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, մյուս երկուսը`   մեր օրերում:

Աշտարակը 1960-ական թվականներից սկսած զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք: Մարզային կենտրոն դառնալուց հետո (1995թ.) կատարում է նաև մարզի ընդարձակ տարածքի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային կազմակերպիչ կենտրոնի գործառություն: Քաղաքում մարզային ղեկավար մարմիններից բացի գործում են հայտնի գիտական հաստատություններ, ժամանակակից արդյունաբերական ձեռնար­կություններ, կրթական, մշակութային ու առողջապահական հիմնարկներ:

Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք`   Թալինը և Ապարանը:

Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը: